Էն ե՜րբ էր, ե՜րբ…
Ես պայծառ տղա էի
և գնում էի դաշտերով, ձորերով,
և դարավանդ առ դարավանդ
գնում էի մի տեղ՝
ոչ մի տեղ չտանող ճամփով:
Եվ որովհետև
ոչինչ չէի որոնում,
պառկում էի թփի տակ յասամանի
և դիտում էի
նրա բուրմունքի խորքերը:
Եվ ի՜նչ սազական էր մայիսը,
նրա գույնը` իմ սրտի զարկերին:
Էն ե՜րբ էր, ե՜րբ…
Երբ ես պայծառ տղա էի
և շոյում էի
մեկի մաքրակենցաղ սիրտը,
և համբուրում էի
նրա շիկնած զգացմունքը,
և համոզում էի նրան
մի տեղ գնալ, մի տեղ`
ոչ մի տեղ չտանող ճամփով,
այսինքն` դեպի թուփը մայիսի,
դեպի բուրմունքը պատանության`
դեպի չթառամող կողմերը հոգու:
Գագիկ Սարոյան